Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցույթ
Սույն թվականի մայիսի 17, 19, 21 ժամը 14 :00-20 :00 Եվրոպական համալսարանի միջոցառումների մեծ սրահում (Դավիթ Անհաղթի 10, Երևան 0037) տեղի կունենա ”Կանայք և տեղեկատվական հասարակությունը” հկ-ի կողմից կազմակերպած Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 մրցույթը։ Տեխնովացիան աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ձեռներեցության մրցույթն է 10-18 աղջիկների համար: Ծրագրի նպատակն է ոգևորել և հզորացնել երիտասարդ աղջիկներին՝ դառնալու նորարարներ և առաջնորդներ իրենց համայնքներում` լուծելով իրենց համայնքների խնդիրները, ձեռներեցության և տեխնոլոգիական գիտելիքների միջոցով: 2017 թվականին առաջին անգամ մասնակցելով ծրագրին, Կարբի գյուղի դպրոցի «Մեկ քայլ առաջ» աղջիկների թիմը իր «Հայկական ժեստերի լեզու» հավելվածով ստացավ միջազգային գլխավոր մրցանակը կրթություն անվանակարգում և հրավիրվեց Սիլիկոնյան հովիտ մասնակցելու միջազգային մրցանակաբաշխությանը: 2017 թվականից Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրի ընթացքում սոցիալական տարբեր խնդիրներին առնչվող 186+ հավելված է ստեղծվել, 408+ թիմ, 2088+ աշակերտուհի, 408+ մենթոր է մասնակցել Հայաստանի բոլոր մարզերի քաղաքներից, գյուղերից: Ավարտվեց Տեխնովացիա Հայաստան 2021 մրցափուլը: Ծրագրին գրանցվեց 488 աշակերտուհի, 108 մենթոր, 92 թիմ ձևավորվեց, հայաստանյան կիսաեզրափակիչ փուլ դուրս եկավ 48 թիմ: Այս տարվա մարտահրավերներն են՝
• կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտուհիների և մենթորների մասնակցության խրախուսումը թիմերում,
• արհեստական բանականության մոդուլի ներառման խրախուսումը հավելվածներում: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2021» մրցույթին մասնակցած 48 թիմերը մայիսի 17-19,21 ին, ժյուրիին կներկայացնեն իրենց բջջային հավելվածները, որի արդյունքում, կորոշվեն հաղթող թիմերը: Միջազգային առցանց փուլը տեղի կունենա հունիս ամսին: Հունիսի կազմակերպվելիք «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստանյան 2021» մրցանակաբաշխությանը հաղթող թիմերը մրցանակներ կստանան տարբեր անվանակարգերում: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» մրցույթին աջակցում են Սերվիս Տիտան ընկերությունը, Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը, Եվրոպական համալսարանը, Chessify ընկերությունը, Արարատ բանկը, “Հույսի կամուրջ”, “Ագաթ” հասարակական կազմակերպությունները: «Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021» ծրագիրը ֆինանսավորվում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության դրամաշնորհով:
ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվա առցանց տոնակատարություն
22 ապրիլ 2021, Հայաստան
ՏՀՏ աղջիկների միջազգային օրվա տոնակատարությունը Հեռահաղորդակցության միջազգային միության նախաձեռնությունն է, որը գլոբալ շարժում է աղջիկներին ու երիտասարդ կանանց քաջալերելու ու զորակցելու, որ ՏՏ ոլորտում ինտեգրվեն ու դառնան ոլորտի շարժիչ ուժը։ Միջազգային օրը նշվում է ամեն տարվա չորրորդ ամսվա, չորրորդ շաբաթվա, չորրորդ օրը։
2012թվականից ի վեր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության նախագահ՝ Նարինե Աբազյանի նախաձեռնությամբ Հայաստանում նշվում է ՏՀՏ աղջիկների օրը։ Ամեն տարի միջոցառմանը մասնակցում են ՏՏ ոլորտի պաշտոնյա անձինք՝ Հայաստանից և արտերկրից, դերային մոդելներ, փորձագետներ ու շատ հյուրեր։
2021թվականի ապրիլի 22-ին Հայաստանում հանդիսավորությամբ նշվեց ՏՀՏ աղջիկների միջազգային օրը՝ առցանց ձևաչափով։ Միջազգային միջոցառման կարգախոսն էր՝ Միավորենք աղջիկներին, ստեղծենք պայծառ ապագա։
Միջոցառումը կազմակերպել էր Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպությունը։
Հեռահաղորդակցության միջազգային միության Զարգացման բյուրոյի տնօրեն Դորին Բոգդան Մարտինի տեսաուղերձով պաշտոնապես բացվեց միջոցառումը։ Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի նախագահ՝ Նարինե Աբազյանը։
Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան՝ Կիրստի Նարինեն իր ոգևորող տեսա ուղերձով միացավ օրվա տոնակատարությանը՝ հայ աղջիկներին ու կանանց մաղթելով, ՏՏ ոլորտում կայանալ որպես առաջնորդներ ու փոփոխության նախաձեռնողներ։ Նա պատմական ակնարկ կատարեց կոդավորման պատմության մեջ կանանց ներուժի առնչությամբ՝ բերելով ԱՄՆ-ի օրինակը Երկորդ համաշխարհային պատերազի ժամանակ, զուգահեռներ տարավ Ֆինլանդիայի ու Հայաստանի միջև ու հավելեց, որ փոքր երկրներում մարդկային ներուժն ամենակարևորն է ու այն պիտի առավելագույնս օգտագործվի՝ ներառելով բնակչության բոլոր խավերը։ Հարգարժան դեսպանը նաև ուրախությամբ նշեց, որ Գենդերային հավասարության ու ինտեգրման ՄԱԿ-ի կոալիցիայի նախագահող երկիրն է Ֆինլանդիան, իսկ Հայաստանը՝ գործընկեր երկիր, որը հնարավորություն կտա Հայաստանում տեխնոլոգիական զարգացում գրանցել։
Իր ելույթն ավարտեց դեսպանը հայտարարելով Կանայք և տեղեկատվական հասարակությունը հասարակական կազմակերպության վեբ կայքի պաշտոնական բացումը։
Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար՝Վիկտորիա Պողոսյանը, ընդգծելով կանանց անփոխարինելի դերը ՏՏ ոլորտում Հայաստանում ու կոչ արեց աղջիկներին ու կանանց ավելի ակտիվ մասնակցել ՏՏ ոլորտի ինտեգրման գործընթացներին։
Ողջույնի խոսք ասաց նաև ՏՀՏ ոլորտի գործատուների միության նախագահ՝ Էդուարդ Մուսայելյանը՝ ներկայացնելով տարբեր երկրներում ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության վիճակագրությունն ու ուրախությամբ հայտնեց, որ Հայաստանում այդ ցուցանիշը կազմում է 40%:
Տոնակատարությանն էին մասնակցում Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան 2021 թվականի մրցույթի մասնակից Հայաստանի բոլոր մարզերից 50 թիմ՝ ավելի քան 300 մենթորով և աշակերտուհիներով, նրանք ներկայացրին այս տարվա բջջային հավելվածների գաղափարները։ Թիմերը միացել էին առցանց։
Տոնակատարությունն ավարտվեց «Տեխնովացիա Աղջիկներ Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Լավագույն ռեպորտաժ» և «Լավագույն լուսանկար» մրցույթի արդյունքների ամփոփմամբ, որի ընթացքում վեց թիմ հաղթող ճանաչվեց ու ստացավ խրախուսական նվերներ։