Թամարա Հովհաննիսյան
Ողջույն, ես Թամարան եմ, մասնագիտությամբ ծրագրավորող եմ։ Ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի բաժինը։
Դպրոցական տարիքից մեծ հետաքրքրություն եմ ունեցել ՏՏ ոլորտով։
2013թվականին մասնակցել եմ ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառմանը, որի շրջանակում հաղթող եմ ճանարվել տեղեկատվական հասարակություն լուսաբանման լավագույն տեսանյութը ներկայացնելու համար ու դարձա ծրագրի ակտիվ մասնակիցն ու դեսպանը։
ՏՀՏ ոլորտի աղջիկների միջազգային օրվան նվիրված միջոցառումն իրականացվում է Կանայք և տեղեկատվական հասարակությունը հ/կ-ի կողմից ամեն տարվա չորրրորդ ամսվա չորրորդ շաբաթվա չորրորդ օրը 2012 թվականից ի վեր։ Արդեն ավելի քան չորս տարի է ինչ համագործակցում եմ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագի հետ, որպես կոդավորման դասընթացավար ու թիմերի մենթոր։ Աշխատում եմ ANEL ազգային ինժեներական լաբորատորիաների ռոբոտաշինության լաբորատորիայում։
Թերեզա Թումանյան
Ողջու՜յն, ես Թերեզան եմ, 17 տարեկան, սովորում եմ Աշտարակ քաղաքի ավագ դպրոցի 12-րդ դասարանում։ Պատրաստվում եմ մասնագիտանալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, զբաղվել ծրագրավորմամբ ու ձեռներեցությամբ։ Կողմնորոշմանս մեջ շատ կարևոր դեր է խաղացել Տեխնովացիա Հայաստան (Տեխնովացիա աղջիկներ) ծրագիրը, որի ընթացքում ավելի հստակ պատկերացում կազմեցի ՏՏ ոլորտի մասին և կարևոր հմտություններ ձեռք բերեցի։
Եվ այսպես, 2017 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց Տեխնովացիա Հայաստան տարածաշրջանային մրցույթը որին հնարավորություն ունեցա մասնակցելու։ Համադասարանցիներիս հետ ձևավորեցինք Girls’ Punch թիմը՝ ինֆորմատիկայի ուսուցչուհի Նարինե Մեսրոպյանի ղեկավարությամբ, և դիմեցինք ծրագրին։ 12 շաբաթվա ընթացքում ձեռք բերեցինք հիմնավոր գիտելիքներ և հմտություններ այնպիսիս ոլորտներում, ինչպիսիք են ծրագրավորումը, ձեռներեցությունը, շուկայագիտությունն ու հանրային խոսքը։ Ուսումնասիրություններին զուգահեռ, մշակեցինք մի գաղափար և սկսեցինք աշխատել հավելվածի վրա։ Ի վերջո, մենք պատրաստեցինք Safe Internet բջջային հավելվածը, որի առաքելությունն է օգնել համացանցից կախվածություն ունեցող անձանց։ Safe Internet նախագիծը Տեխնովացիա Հայաստան/Technovation Armenia ծրագրի շրջանակներում արժանացավ գլխավոր մրցանակի։ Այս ձեռքբերումն էլ ավելի խթանեց իմ հետաքրքությունը ՏՏ ոլորտի նկատմամբ։
Տեխնովացիա Հայաստան 2017 ծրագրի մրցանակաբաշխությունից հետո ընտրվեցի Տեխնովացիա Չելենջ/Technovation Challenge/ ծրագրի աշակերտուհի-դեսպանը Հայաստանում։ Իմ գլխավոր առաքելությունն էր այլ աղջիկներին հրավիրել մասնակցելու ծրագրին, ծանոթանալ ՏՏ ոլորտին և ձեռներեցությանը։ Աշտարակ քաղաքում տարբեր հանդիպումներ իրականացնելով բազում աղջիկների հետ, կազմեցի /Տեխնովացիա Չելենջ/Technovation Challenge-ի մասնակից 2 թիմ՝Dream Team և Codice Puellis, ինքս դարձա վերջինիս անդամը: Թիմերի հետ կիսվեցի Տեխնովացիա ծրագրի ընթացքում ձեռք բերած փորձով և հմտություններով, և, ի վերջո, ծնվեց 2 գաղափար։ Dream Team-ը մշակեց ArmTour հավելվածը, որով զբոսաշրջինկերը կգտնեն անհրաժեշտ տվյալներն ու մանրամասները Հայաստանում ճամփորդելու համար։ Codice Puellis թիմը հանդես եկավ 1ofU հավելվածով, որի առաքելությունն է օգնել աուտիզմով երեխաներին առօրյա կյանքում, հեշտացնել շփումը շրջապատի հետ։ 1ofU նախագիծն արժանացավ Տեխնովացիա Հայաստան/Technovation Armenia 2018-ի գլխավոր մրցանակի(Grand Prize):
Ոգևորված ու եռանդուն մենք շարունակեցինք բարելավել 1ofU հավելվածը և դիմեցինք Sevan Startup Summit 2018-ին։ Մրցույթին դիմել էին շուրջ 800 նախագծեր, որոնցից մոտ 100 մասնակցեցին միջոցառմանը, այդ թվում նաև մենք։ 2018թ հուլիսին Սևանի ափին տեղի ունեցած Sevan Startup Summit 2018-ի շրջանակներում ես ծանոթացա ստարտափ էկոհամակարգի թե՛ հայ, թե՛ արտասահմանցի առաջատար մասնագետների հետ, ձեռք բերեցի հմտություններ ձեռներեցության, մարքետինգի և այլ շատ ոլորտներից։ Նախագիծն արժանացավ բարձր գնահատանքին և դարձավ EduTech (Կրթություն) անվանակարգի հաղթողը, ստանալով $1500 մրցանակ։ Մրցանակաբաշխության ժամանակ, բեմի վրա մեր մրցանակը կրկնապատկվեց AICA-ի հիմնադիր և նախագահ պարոն Արթուր Միքայելյանի կողմից։ Ստացված $3000-ով մենք մշակեցինք մեր հավելվածը, և այժմ այն հասանելի է Google Play Store-ում։
Հավելվածը դարձել է նաև European Youth Award 2018 միջազգային մրցույթի եզրափակիչ փուլին մասնակից 9 ստարտափերից մեկը։ Այն ներկայացրել եմ SEEDIG6 համաժողովին, DigiTech expo 2019-ին, EMERGE տեխնոլոգիական համաժողովին Մինսկում, որտեղ դարձա կիսաեզրափակչի մասնակից։
2019- 2020թթ դարձա Startup Armenia հիմնադրամի կողմից իրականացվող Startup Club-ի մասնակից, որի շրջանակներում էլ ավելի խորը գիտելիքներ ստացա հաջողակ ստարտափ զարգացնելու համար։ Չորս այլ մասնակիցների հետ միասին մշակեցինք Bright ստարտափը, որը ․ թվային հարթակ է հոգեբանների ու թերապիստների համար, ովքեր աշխատում են շփման խնդիր ունեցող երեխաների հետ, հարթակը թվային տեսքով անհրաժեշտ գործիքներ կտրամադրի թերապևտիկ սեանսների ժամանակ ։ Startup Club DemoDay-ին ներկայացրեցինք գաղափարը և արժանացանք մրցանակի՝ Beeline Startup Incubator-ի ինկուբացիոն ցիկլի մասնակցության։ Վերջինս մեզ հնարավորություն տվեց հանդիպելու տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ և ստանալ նրանց խորհուրդներն ու աջակցությունը։
Հաճախել եմ TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, մասնակցել եմ “Ամենախելացին” հեռուստախաղին, բանավեճի հանրապետական փուլերին, Brainring մրցույթին՝ արժանանալով հատուկ մրցանակի։ Դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում ռուսերեն և անգլերեն առարկաներից ստացել եմ դիպլոմներ, ԿԳՄՍ նախարարության կողմից է ինձ արժանացել եմ անվանական կրթաթոշակի։ Հայաստանի մարզերում ՏՏ ոլորտը զարգացնելու համար ստեղծված HydraLab-ի թիմի անդամ եմ։
Անի Տեր-Մարգարյան
Ողջույն, ես Անին եմ։ Ես Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան մրցույթի մասնակից եմ։ Սովորել եմ «ՇԻՐԱԿԱՑՈՒ ՃԵՄԱՐԱՆ» միջազգային գիտակրթական համալիրում։ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան ծրագրին մասնակցելը փոխեց իմ կյանքը՝ ես շատ նոր բաներ բացահայտեցի ինքս իմ համար։ Ես հասկացա, թե որքան կարևոր է տեխնոլոգիապես կրթված լինելը գլոբալ անընդհատ զարգացող ու գիտելիքահեն աշխարհում։ Տեխնովացիա աղջիկներ, Հայաստան մրցեւյթից հետո ընտրվեցի աշակերտուհի-դեսպան Հայաստանից Տեխնովացիա ծրագրի կողմից։ Ծրագրի ընթացքում սովորեցի թիմային աշխատանք կատարել, գաղափարներ մշակել ու կյանքի կոչել։ Ուրախ եմ նշել, որ Տեխնովացիա Հայաստան ծրագրին մասնակցելու ընթացքում, նաև մեր թիմով հնարավորություն ունեցանք մասնակցելու ՏՀՏ ոլորտի աղջիկների օրվա տոնակատարությանը ՀԱՀ-ում։ Միջոցառումը տպավորիչ էր, քանի որ աղջիկներին ոգեշնչելու ու զորակցելու մեծ հնարավորություն էր։
Տեխնովացիա Հայաստան ծրագիրն իր դերն ունի իմ մասնագիտական զարգացման համար, ես ուսումս շարունակեցի ԱՄՆ-ում, այժմ էլ ապրում ու սովորում եմ ԱՄՆ-ում ու շատ եմ գնահատում իմ մասնակցությունը ծրագրին։